Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 8-ին, «Սասնա Ծռերի» գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին չէր ներկայացել գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը։

Գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը դատարանին տեղեկացրեց, որ Մխիթար Ավետիսյանը չի ներկայացել նիստին՝ առողջական խնդիրների պատճառով. «Առավոտյան Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, տարել են հիվանդանոց։ Շատ սուր որովայնային ցավեր է ունեցել եւ սրտխառնոց»։

Նշենք, որ նախորդ դատական մի քանի նիստերին հարցաքննվել են այդ գործով ամբաստանյալները։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: