ԱՄՆ-Իրան հակասությունների ֆոնին Ադրբեջանը պլացդարմ է դարձել Իրանի վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի ճնշման համար, որտեղից Իսլամական Հանրապետության ուղղությամբ անօդաչու թռչող սարքեր են արձակվում: Այս մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը:

Նա չբացառեց, որ հետագայում Ադրբեջանի տարածքից Իրան կներթափանցեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի հատուկ նշանակության ջոկատները: «Բաքուն կարող է օգտվել ստեղծված իրավիճակից եւ մերձենալ Վաշինգտոնի հետ: Հայաստանն, իր հերթին, պետք է այդ ամենին պատրաստ լինի եւ Ադրբեջանին թույլ չտա տեղեկատվական սադրանքների դիմել»,- նշեց նա:

Փորձագետը հույս հայտնեց, որ պրոցեսները կընթանան ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ձեւաչափով, քանի որ Ադրբեջանի համար իրադարձությունների հակառակ զարգացումը կարող է նախադեպ եւ արդարացում դառնալ հայկական կողմի դեմ ագրեսիվ գործողությունների համար: «Ամեն դեպքում, ղարաբաղյան հարցը կախված է մեզնից եւ նրանից, թե որքանով ենք մենք պատրաստ ցանկացած սցենարի: Կարելի է ակնկալել, որ ընտրությունների ընթացքում եւ՛ Ադրբեջանում, եւ՛ Ղարաբաղում կլինեն հայ հասարակության դեմ տեղեկատվական հարձակումներ: Երեւանն ու Ստեփանակերտը պետք է պատրաստ լինեն դրան»,- հավելեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Իրան-ԱՄՆ դիամակայության հարցում Հայաստանի չեզոքությունն ավելի ընդունելի դիրքորոշում է՝ ելնելով պետական շահերից: «Երեւանը հարաբերությունների նման փորձ ունի՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը համագործակցում է եւ՛ Ռուսաստանի, եւ՛ Վրաստանի հետ, որոնք միմյանց հետո ոչ բարեկամական հարաբերություններ ունեն: Նման իրավիճակ է նաեւ ԱՄՆ-ի եւ Իրանի հետ հարաբերություններում: Վաշինգտոնը միշտ օբյեկտիվորեն է ընդունել իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը»,- վստահեցրեց Թեւան Պողոսյանը: