Իրանը եւ ԱՄՆ-ը զսպվածություն եւ առողջ մոտեցում են ցուցաբերել, եւ չի կարելի ասել, թե կողմերից որեւէ մեկը ստիպված էր զիջել, քանի որ տվյալ դեպքում հաղթողներ եւ պարտվողներ չկան: Այս մասին հունվարի 9-ին լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ Իրանի հարվածները, ըստ էության, պատասխան էին՝ ուղղված ԱՄՆ-ին: Ընդ որում, նա նկատեց, որ գոհունակություն է հայտնել նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Այսպիսով, իրանագետի խոսքով, նոր սրման սպառնալիքներ չկան: «Սակայն խնդիրը լուծված չէ, եւ անհրաժեշտ է տարբեր մակարդակներով՝ ինչպես բաց, այնպես էլ փակ ռեժիմով, բանակցություններ վարել՝ առկա խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու համար»,- հավելեց Իսկանդարյանը՝ նշելով, որ կողմերը, այնուամենայնիվ, առաջ են քաշում փոխադարձ պայմաններ եւ պահանջներ:

Միեւնույն ժամանակ, փորձագետի խոսքով, հայկական կողմը բավականին ադեկվատ եւ զուսպ գնահատական է տվել, եւ դա բավարարել է իրանական կողմին: «Անհրաժեշտ բոլոր գործողությունները հայկական կողմը ձեռնարկել է»,- վստահ է Իսկանդարյանը:

Նա կարծում է, որ Հայաստանը չպետք է միջամտի տվյալ հակամարտությանը, քանի որ դրա համար ուժ, միջոցներ, հնարավորություններ եւ քաղաքական կշիռ չունի:

Սակայն իրանագետի խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի սրումը չի կարող չազդել Հայաստանի վրա:

«Այնուամենայնիվ, Հայաստանը չի կարող միջնորդի դեր ստանձնել, քանի որ ուժեղ եւ ծանրակշիռ դիրքորոշում չունի»,- նշեց իրանագետը՝ նկատելով, որ Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցներն էլ ավելի կխորացնեն առանց այդ էլ Իրանում բարդ իրավիճակը:

Արդյունքում, ինչպես կարծում է փորձագետը, Իրանը ստիպված կլինի սառեցնել Հայաստանում եւ այլ երկրներում իր ներդրումային ծրագրերը, քանի որ առկա միջոցների եւ ռեսուրսների համախմբման անհրաժեշտություն է առաջանում: