Tesla-ի բաժնետոմսերը կտրուկ աճել են հունվարի սկզբին, ինչի հետեւանքով բրենդի շուկայական կապիտալացումը կազմել է 89 մլրդ դոլար: Համեմատության համար GM-ն արժե 50 մլրդ, իսկ Ford-ը՝ 37 մլրդ: Այդպիսով, Իլոն Մասկի ընկերությունը դարձել է ԱՄՆ-ում ամենաթանկ ավտոարտադրողը, հաղորդում է Motor-ը:

Հունվարի 8-ին Tesla-ի բաժնետոմսերի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 492,14 դոլար: Միայն վերջին 3 ամսում ընկերության ակցիաներն աճել են ավելի քան երկու անգամ:

Reuters-ը՝ հղում անելով MainStay Capital Management-ին, հայտնում է, որ Tesla-ն դեռեւս պետք է մի քանի խնդրային հարց լուծի, այդ թվում՝ կապված կայուն եկամտաբերության հետ:

Ինչ վերաբերում է վերոնշյալ GM-ին եւ Ford-ին, ապա դրանք գերազանցում են Tesla-ին վաճառքի ծավալներով: Այն դեպքում, երբ այդ ընկերությունները 2019-ին ԱՄՆ-ում ավելի քան 2 մլն ավտոմեքենա են վաճառել, Մասկի ընկերությունն իրացրել է ավելի քան 367 հազարը, ընդ որում՝ ոչ միայն հյուսիսամերիկյան շուկայում, այլ ամբողջ աշխարհում :