Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կիրականացնի ավելի վաղ ծրագրած այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ եւ Օման՝ չնայած Մերձավոր Արեւելքում լարվածությանը, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այցը չեղարկվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից եւ Իրաքում ԱՄՆ բազայի ուղղությամբ պատասխան հարվածից հետո:

Աբեն կայցելի տարածաշրջան հունվարի 11-15-ին:

«Հաշվի առնելով տարածաշրջանային լարվածությունը՝ այցի ընթացքում կարծիքների փոխանակում տեղի կունենա այդ 3 երկրների ներկայացուցիչների հետ՝ ուղղված իրավիճակի մեղմացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Միեւնույն ժամանակ, Ճապոնիայի պաշտպանության նախարարը ստորագրել է Մերձավոր Արեւելքում նավերի պաշտպանության համար 2 P-3C ինքնաթիռների եւ ռազմանավի ուղարկման մասին հրամանագիրը: