Տորոնտոյի ֆոնդային բորսան հունվարի 7-ին որոշում է կայացրել 2020թ. փետրվարի 5-ից Լիդիան ընկերությանը (Lydian International Limited) բորսայի ցուցակներից հեռացնելու վերաբերյալ:

Բորսայի կայքի փոխանցմամբ, այս որոշումը կայացվել է ցուցակագրման պահանջներին շարունակաբար չհամապատասխանության պատճառով։ Ընկերության արժեթղթերի վաճառքը նույնպես կասեցված է:

Հիշեցնենք, որ 2018 թվականի կեսից բնապահպանները խոչընդոտում են «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի շահագործմանը՝ բնապահպանական և շրջակա միջավայրի վրա հանքի բացասական ազդեցության մտահոգությունների պատճառով։ Բնապահպանները նշում են, որ հանքի շահագործումը կործանարար ազդեցություն կունենա Ջերմուկի վրա։

Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերի 23-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիանի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը եւ դիտարկվում էր «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը CCAA-ի պաշտպանության շրջանակներում: