Իսպանիայի Բարձրագույն դատարանը (ԲԴ) որոշել է ուժի մեջ թողնել փախուստի դիմած եւ Բելգիայում ապաստան գտած Կատալոնիայի կառավարության նախկին անդամներ Կառլես Պուչդեմոնի եւ Անթոնի Քոմինի կալանքի մասին եվրոպական օրդերը: Այդ մասին ասվում է ուրբաթ ԲԴ-ի տարածած որոշման մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ԲԴ դատավորը «պահպանում է Պուչդեմոնի եւ Քոմինի նկատմամբ եվրոպական օրդերն ու խնդրում Եվրախորհրդարանին (ԵԽ) կասեցնել նրանց (պատգամավորական) անձեռնմխելիությունը»,-ասվում է դատարանի մամուլի հաղորդագրության մեջ: Դատավորը նաեւ հաստատել է Իսպանիայի տարածքում նրանց ձեռբակալելու մասին օրդերը եւ կոչ արել Բելգիային հետաձգել քաղաքական գործիչներին արտահանձնելու մասին որոշման ընդունումը, քանի դեռ ԵԽ-ը չի ներկայացրել այդ հարցի շուրջ իր դիրքորոշումը, նշվում է ԲԴ փաստաթղթում:

Ավելի վաղ իսպանական արդարադատությունը տվել էր դատավարության մեջ ներգրավված կողմերին ժամանակ Պուչդեմոնի եւ Քոմինի գործով իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար: Դատարանի որոշումը հաջորդել էր Լյուքսեմբուրգում Արդարադատության եվրոպական դատարանի վճռին, համաձայն որի՝ Կատալոնիայի նախկին ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժունկերասը, որը դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման, ունի պատգամավորական անձեռնմխելիություն, քանի որ Եվրախորհրդարանի անդամ է:

Պուչդեմոնն ու Քոմինը ստացել են մանդատներ ԵԽ-ում անցած տարվա մայիսի 26-ի ընտրությունների արդյունքներով: Այդուհանդերձ, Իսպանիայի ԿԸՀ-ը չէր ներառել նրանց անունները ԵԽ-ում ընտրված իսպանացի պատգամավորների վերջնական ցուցակում, որն ուղարկվել էր Բրյուսել: Պուչդեմոնն ու Քոմինը չէին ժամանել Իսպանիա որպես խորհրդարանականներ երդմնակալության համար: Նրանք փախել են Իսպանիայից Բելգիա 2017 թվականին Կատալոնիայի անկախության մասին անօրինական հանրաքվեն անցկացնելուց հետո:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր RTBF հեռուստաալիքը, Բելգիայի դատարանը որոշում էր կայացրել կարճել Պուչդեմոնին Իսպանիա արտահանձնելու մասին գործը՝ ճանաչելով նրա պատգամավորական անձեռնմխելիությունը: