Միացյալ Նահանգները դիմել են Հյուսիսային Կորեային՝ առաջարկելով վերսկսել բանակցությունները, որոնք դադարեցվել էին հոկտեմբերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կապ ենք հաստատել հյուսիսկորեացիների հետ եւ նրանց հայտնել, որ կցանկանայինք վերսկսել բանակցությունները Ստոկհոլմում, որոնք վերջին անգամ անցկացվել են հոկտեմբերի սկզբին»,- ասել է նա Axios պարբերականին տված հարցազրույցում:

ԿԺԴՀ միջուկային ծրագիրը երկար տարիներ մտահոգություն է առաջացնում համաշխարհային հանրության կողմից, դրա պատճառով ՄԱԿ-ի ԱԽ-ը պատժամիջոցներ է սահմանել Փհենյանի դեմ: 2017 թվականին մի շարք հրթիռային եւ միջուկային փորձարկումներից հետո Հյուսիսային Կորեան հայտարարել է ապամիջուկայնացման համար պատրաստվելու մասին՝ ենթադրելով միջուկային զենքի դուրսբերումը ողջ Կորեական թերակղզուց:

2018 թվականից անցկացվել է ԱՄՆ-ԿԺԴՀ երկու գագաթաժողով, որոնց ժամանակ կողմերը համաձայնության են հասել ապամիջուկայնացման եւ հարաբերությունների կարգավորման հարցում, ինչպես նաեւ կայացել է 4 միջկորեական գագաթաժողով: Վերջին շրջանում երկխոսությունը դադարեցվել է: Վաշինգտոնը Փհենյանից պահանջում է ավելի վճռորոշ գործողություններ, Փհենյանը, իր հերթին, նշում է, որ ԱՄՆ-ը ոչինչ չի ձեռնարկում՝ ի պատասխան ապամիջուկայնացման հարցով իր կամավոր քայլերի: