ԱՄՆ-ում տղամարդը երկուշաբթի սառը զենքով վիրավորել է ութ մարդու Կոլորադոյի նահանգում եւ կալանավորվել է։ Այս մասին ասվում է Կոլորադո Սփրինգս քաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով՝ չարագործը մարդկանց վրա հարձակվել է երեք տարբեր տեղերում եւ բռնվել է հենց տուժողների կողմից։ «Տղամարդը կալանավորվել է եւ այլեւս վտանգ չի ներկայացնում հասարակության համար։ Ութ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց սուր կտրող առարկայով ստացած վերքերից բուժօգնություն ստանալու համար»,- տեղեկացրել են իրավակարգի մարմինները։

«Հարձակումները, ըստ երեւույթին, կատարվել են չհամակարգված, տվյալներ այն մասին, թե կասկածյալը եւ նրա զոհերը ծանոթ են եղել, չկան»,- ավելացրել են ոստիկանությունում։ Այնտեղ խոստացել են ավելի ուշ եւ կախված հետաքննության ընթացքից՝ հրապարակել հարձակվողի անունը, ազգանունը եւ լուսանկարը։