ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ չինական Huawei արտադրողի կապի ենթակառուցվածքները համարում է ոչ պակաս վտանգավոր, քամ ԽՍՀՄ-ում արտադրվող ծրագրերն էին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք դաշնակիցներին եւ գործընկերներին նախազգուշացնում ենք անվտանգության եւ մասնավոր տեղեկությունների համար ահռելի ռիսկերի մասին, եթե Huawei-ին թույլ տան կառուցել իրենց 5G ցանցերը»,- ասել է Պոմպեոն՝ Կալիֆոռնիայում ելույթ ունենալով տեխնոլոգիական արդյունաբերության ներկայացուցիչների առջեւ: Նրա ելույթը հեռարձակել է Պետքարտուղարության կայքը:

«Գիտեմ, որ դա ոչ կատարյալ համեմատություն է, ես դա լավ եմ գիտակցում, բայց մենք չէ՞ որ չէինք տեղադրի խորհրդային ծրագրային ապահովում»,- հավելել է Պոմպեոն:

Նրա պնդմամբ՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ուղիղ հասանելիություն կունենա Huawei-ի ցանցերով փոխանցվող տեխնոլոգիաներին եւ տեղեկություններին:

«Մենք երբեք թույլ չենք տա, որ ԱՄՆ-ից գաղտնի տեղեկությունները փոխանցվեն տեղեկատվական ենթակառուցվածքով, որին, ինչպես կարծում ենք, չի կարելի վստահել»,- ամփոփել է Պոմպեոն: