ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հույս ունի, որ Հյուսիսային Կորեան ճիշտ որոշում կկայացնի միջուկազերծման բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին նա ասել է երկուշաբթի երեկոյան՝ ելույթ ունենալով Կալիֆոռնիայում Սիլիկոնային հովտում ներկայացված IT ընկերությունների ուսանողների առջեւ։ Նրա ելույթը հեռարձակվել է Պետդեպարտամենտի կայքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք երկխոսությունը Հյուսիսային Կորեայի հետ (ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ավելի վաղ անցկացված գագաթաժողովների շրջանակում) նրա ընդունած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Ամեն բան դանդաղ է ընթանում. երկու քայլ առաջ, մի քայլ հետ,- ասել է Պոմպեոն։- Ես նախկինի պես հույս ունեմ, որ Հյուսիսային Կորեայի (ղեկավարությունը) ճիշտ որոշում կկայացնի ոչ միայն աշխարհի, այլ նաեւ իր ժողովրդի համար։ Հյուսիսային Կորեայի սպառազինությունները իրական սպառնալիք են ներկայացնում, իսկ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի համար սպառնալիք չի ներկայացնում»։

«Մենք նրանց համար լուսավոր ապագա ենք ցանկանում։ Ես հույս ունեմ, որ մենք կհամոզենք (Հյուսիսային Կորեայի առաջնորդ) Կիմ Չեն Ընին քայլ անել հօգուտ միջուկային զենքից հրաժարվելու,- նշել է պետքարտուղարը։- Դա շատ ավելի անվտանգ կլինի նրանց համար, քան միջուկային զենք ունենալը։ Հույս ունեմ, որ 2020 թվականը հաջող կլինի ԱՄՆ-ի, աշխարհի եւ ողջ տարածաշրջանի համար»։ Նրա կարծիքով՝ միջազգային պատժամիջոցները կդրդեն Հյուսիսային Կորեայի առաջնորդին լրջորեն մտածել ճիշտ որոշման մասին իր երկրի ժողովրդի համար։

Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փհանմունջոմում 2019 թվականի հունիսի 30-ի հանդիպման ժամանակ պայմանավորվել էին աշխատանքային մակարդակով վերսկսել խորհրդակցությունները միջուկազերծման թեմայով, որոնք ընդհատվել էին Հանոյում 2019-ի փետրվարյան անարդյունք գագաթաժողովից հետո։ Այդ պայմանավորվածության համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերի 5-ին ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հանդիպել են Ստոկհոլմում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները, բայց երկխոսություն Վաշինգտոնի եւ Փհենյանի միջեւ մինչեւ 2019-ի վերջը այդպես էլ չհաջողվեց հաստատել։