Հունվարին կսկսվի Լեւոն Թերմենջյանի գործով դատավարությունը: Նրան ԱՄՆ-ում մեղադրում են խարդախ սխեմայում ներգրավված լինելու մեջ, հաղորդում է Standard-Examiner-ը:

Լեւոն Թերմենջյանը, հայտնի նաեւ որպես Լեւ Ասլան Դերմեն, անցնում է Washakie Renewable Energy LLC ընկերության սեփականատեր Ջեյկոբ Քինգսթոնի եւ ֆինանսական տնօրեն Իսայ Քինգսթոնի մեղադրական գործով: Նրանք մեղադրվում են առեւտրային հաշվետվությունները կեղծելու միջոցով ավելի քան 500 մլն դոլար հարկային սուբսիդիաները մսխելու մեջ: Խարդախներին հաջողվել է նաեւ նոսրացնել բիոդիզելային վառելիքը:

Դատախազների տեղեկություններով՝ Քինգսթոնը հարստացել է սոյայի եւ բուսայուղերից ստացված վառելիքի վաճառքի հաշվին, հաղորդում է OCCRP-ը: Այդ գործում նրան օգնել է Հայաստանից էմիգրանտ Լեւ Դերմենը, որը Հարավային Կալիֆոռնիայում մի քանի լցակայան ունի:

Անցած տարվա հուլիսից Դերմենը գտնվում է Սոլթ-Լեյք-Սիթիի բանտում խիստ հսկողության տակ, քանի որ դատարանը վճռել է, որ մինչ այդ նա օգտագործել է այլ հեռախոսների PIN-կոդեր՝ գտնվելով բանտում: Ըստ հաղորդագրությունների՝ Դերմենը փորձել է կաշառել պոտենցիալ վկաներին, որոնց կարող էին դատարան կանչել:

Standard-Examiner-ը հայտնում է, որ դատավարությունը սկսվելու է հունվարի 27-ին: Մի քանի ամիս առաջ պաշտպանության կողմի փաստաբանները Լյուքսեմբուրգի պաշտոնյաներից ստացել էին Դերմենի ֆինանսների մասին իրավաբանական նյութերով տուփեր:

Գործում սկսել էին հայտնվել նոր մանրամասներ: Բելիզի լրատվամիջոցները հայտնում են, որ դատական փաստաթղթերի համաձայն, Լեւ Ասլան Դերմենը մի քանի նախարարների ամեն ամիս կաշառագումար է վճարել: Բելիզում նա հայտնի էր որպես Լեւոն:

Նրա նախկին գործընկեր Ջեյքոբ Քինգսթոնը ցուցմունք է տվել, որ 2012-2016 թվականներին նա ամեն ամիս 25 հազար դոլար է ուղարկել Բելիզի կառավարության անունը չհրապարակած նախարարին: