Բյուջետային Ryanair ավիաընկերության Միլան-Երեւան ուղղության առաջին չվերթի ինքնաթիռը այսօր է հունվարի 14-ին, ժամանեց Երեւան։

Լրագրողների հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը պատասխանելով հարցին, թե որ երկրի քաղաքացիներ էին հիմնականում առաջին չվերթի ուղեւորները, ասաց․«Վաղ է ասել, թե որ երկրի քաղաքացիներ են առաջին չվերթով ժամանել Հայաստան։ Ժամանակ է պետք, որ մենք այդ ամբողջ տվյալները վերլուծենք եւ հասկանանք։ Ընդհանուր կարող եմ ասել, որ բավականին լիքն էր օդանավը, եւ ուղեւորները շատ ուրախ։ Հույս ունենք, որ ե՛ւ զբոսաշրջիկներ, ե՛ւ հայեր են եկել այցով Հայաստան»։

Թռիչքի ուշացումը, Ռեւազյանի խոսքով, կապված էր Իտալիայում կարգավարների գործադուլի հետ․ «Կարգավարները Իտալիայում գործադոիլ են կազմակերպել, Հայաստանի հետ որեւէ կապ չունի։ Իրականում ի սկզբանե ցուցակում էին դրել, որ Հայաստանի չվերթները պետք է չեղարկեն, բայց մենք արագ զանգեցինք Ryanair-ի ղեկավար կազմին, համոզեցինք, որ պետք չի առաջին չվերթը չեղարկել, եւ իրենք հանեցին այդ ցուցակից, այսինքն՝ ուշացումը ամենալավ տարբերակն էր, որ կարող էր լինել»։

Նա  հիշեցրեց՝ Ryanair-ը 6 ուղղություն է բացել՝ Բեռլին, Մեմինգեն, Աթենք, Սալոնիկ, Հռոմ, Միլան․, Wizz air-ը՝ Վիլնյուս, Վիեննա, Air Baltic-ը հայտարարել է Ռիգա ուղղության մասին, Transavia-ն հայտարարել է Փարիզ ուղղության մասին․ «Բոլորը լոուքոսթեր են եւ կարծում եմ՝ լուրջ մրցակցություն կստեղծեն հայաստանում։ Նախկինում դեպի Եվրոպա ունեցել ենք 7 ուղղություն, հիմա ունենալու ենք 17 ուղղություն»։

Ռեւազյանը կարծում է, որ լոուքոսթերների առկայությունը կարող է մեծացնել Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը․ «Մենք որ գնացել էինք բանակցությունների, թվերով ենք խոսել եւ համոզվել են, որ իրոք շուկա կա,մեծ հնարավորություններ կան։ Որպես Դանիայում մեծացած մարդ՝ ես գիտեմ, որ մարդիկ մի քիչ հոգնել են նույն վայրերը թռնելուց, նորություն են ուզում, իսկ Հայաստանն իրենց համար նորություն է, հետաքրքիր է։ Ինձ թվում է՝ շատերը կհետաքրքրվեն հիմա, երբ ավելի հեշտ է եւ մատչելի Հայաստան հասնելը ու ցերեկով է չվերթը, դա էլ է ազդելու»։