Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ֆրանսիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային կոչ է արել դադարել ԱՄՆ թելադրանքի առջեւ խոնարհվելուց եւ խիզախություն դրսեւորել կատարելու համար 2015 թվականի իրանական միջուկային համաձայնագրով իրենց պարտավորությունները:

«Եվրաեռյակի հաշտեցման քաղաքականությունը 20 ամիս շարունակ խոնարհվել է ամերիկյան թելադրանքի առաջ: Սա ոչ մի տեղ չի բերել եւ ոչ մի տեղ չի բերի»,- թվիթերյան իր էջում նշել է Զարիֆը:

Նա մատնացույց է արել ԱՄՆ դուրս գալուց հետո Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիրը փրկելու Եվրոպայի անկարողությունը՝ նշելով, որ «եվրաեռյակը կարող է ԳՀՀԾ-ն փրկել, բայց ոչ խուլիգանին հաշտեցնելու եւ մյուս կողմի վրա ճնշում գործադրելու ճանապարհով»: «Նա (եվրաեռյակը) պետք է խիզախություն դրսեւորի իր պարտավորությունները կատարելու համար»,- նշել է Զարիֆը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, որպես առաջնորդներ, Իրանին կոչ էին արել վերադառնալ միջուկային համաձայնագրի ամբողջական կատարմանը եւ հրաժարվել Իրանի դեմ ԱՄՆ գորոծողություններին ի պատասխան հակամիջոցներից: