Միտում կա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հասարակական գործունեությանը հարվածելու, նրանց ակտիվությունը նվազեցնելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «TV5»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, ով նաեւ ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից է:

«Պարոն Թավադյանի գործունեությունն է մեդիատիրույթում, այդ հեռուստաալիքը հանդես է գալիս կոշտ ընդդիմադիր դիրքերից, քննադատում է իշխանություններին եւ քննադատությունների մի զգալի հատվածն էլ վերաբերում է այսօրվա դատավարություններին։ Ակնհայտ, ոչ իրավաչափ քրեական գործով հարված է հասցվում կոնկրետ տհաճություն պատճառող հեռուստաալիքի սեփականատիրոջը, այստեղ տեսնում ենք միտում»,- ասաց պաշտպանը։

Պաշտպանն ասաց, որ խտրական կերպով թիրախավորվում են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները.

«Հայտնի է եւ երբեք չի թաքցվել, որ Արմեն Թավադյանը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցը եւ որոշակի իմաստով կազմակերպում է աջակիցների շարժումը։ Միտում կա այդ հասարակական գործունեությանը հարվածելու, նրանց ակտիվությունը նվազեցնելու, որովհետեւ մեզ համար էլ նկատելի է, որ այդպիսի ընդդիմախոսությունն օր օրի մեծանում է»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։