Հայաստանում ձեւավորվել է շատ հստակ պատկերացում, որ «ֆեյքը» վատ բան է. դա ոչ միայն սխալ կարծիք է, այլ նաեւ վտանգավոր: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության եւ լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Դա իր մեջ պարունակում է ակնհայտ պահանջ, որպեսզի բոլորը ցանցում լինեն բաց: Բայց խոսքի ազատությունից ելնելով, նաեւ ելնելով այն հանգամանքից, որ մարդը կարող է, օրինակ, քաղակտիվիստ լինել կամ քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող, մարդ, որը ցանկանում է թաքցնել իր ինքնությունը, բայց ունի ասելիք: Մի խոսքով, միանշանակ դատապարտել ֆեյքերին, դա իր հետեւից բերում է այն գաղափարը, որ վաղ թե ուշ հանրությունը մեծ հաճույքով թույլ չի տա արտահայտվել նրանց, որոնք բաց խոսել չեն կարող»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում կա «ազդարարի» ինստիտուտը, որտեղ մարդն իր ինքնությունը թաքցնելով կարող է ինչ-որ բացահայտումներ անել եւ պետությունը դա խրախուսում է:

«Մենք իրավական եւ բարոյախրատական գնահատականները սկսել ենք խառնել: Կոնկրետ «Դիանա Հարությունյան» անունով հանդես եկողի դեպքում՝ փաստացի մեղադրանքներ են հնչում ինչ-որ հոդվածներով, որոնք կային Ստալինի ժամանակ՝ ազգի դավաճանություն եւ այլն: Պետք է հիշել, որ ինչ-որ բաներ կան, որոնք կարող է դատապարտելի են, բայց պատժելի չեն: Երրորդ, մենք պետք է հասկանանք, որ երբ մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել ինչ-որ մի բան, խնդիրը այդ ինչ-որ բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ, որովհետեւ եթե կարելի է ինքնաթիռը ասեղով վարի տալ, ուրեմն ինքնաթիռը ինչ-որ տեխնիկական սխալ ունի իր մեջ: Այո, խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ սոցցանցերը թույլ են տալիս ակտիվորեն եւ ագրեսիվորեն ներազդել տեղեկատվական դաշտի վրա, բայց մեկ է, մենք պետք է փորձենք սխալների ուղղում անել, ոչ թե ֆեյքերի ու վհուկների որսով զբաղվենք»,-ասաց նա եւ նշեց, որ «ֆեյքերի» բացահայտման արագությունը մեծանում է:

«Բայց բանն այն է, որ ֆեյք բացահայտելով դու հարցը չես լուծում, որովհետեւ տեղեկատվությունը կարող է տեղադրվել Բաքվից: Կարծում եմ, որ ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ, պետք է դրանց պատճառների դեմ պայքարել, պետք է հստակ ձեւավորել տեղեկատվական հոսքերը, երկրորդը` կրթել հանրությանը, երրորդը՝ ստեղծել լրատվամիջոցների համար այնպիսի միջավայր, որ առաջինը լրագրողների կրթության որակը բարձրացնել: Իմ կարծիքով՝ «ֆեյքերի» դեմ պայքարով քո ամբողջ ռեսուրսն ուղղում ես սխալ ուղղությամբ»,-ասաց փորձագետը: