«5-րդ» ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը չի հավատում, որ Թավադյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մի օր մտնելու է դատարան։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհաննես Խուդոյանը։

«Որոշակի ինֆորմացիայի տիրապետում եմ, որը չեմ կարող այս պահին ասել։  Կարծում եմ, որ շատ չեն այնպիսի դատավորները, որոնք պատրաստ են այսքան կոպիտ խախտումներով ազատությունը սահմանափակելու»,- ասաց Խուդոյանը։

Պաշտպանը հայտնեց, որ Արմեն Թավադյանը հրաժարվել է ցուցմունք տալ. «Երբ խոսք է գնում ՀՔԾ-ի հետ համագործակցելուց, իմ խորհուրդն է լինում՝ այդ կառույցի հետ չհամագործակցել, որովհետեւ վերջին 2 տարում մենք տեսնում ենք, որ այնտեղ բացակայում է իրավաբանությունը։ Եվ ցանկացած տվյալ, որը ներկայացվում է, ՀՔԾ-ն օգտագործվելու է ի վնաս անձին։ Մենք բացառում ենք ՀՔԾ-ի հետ համագործակցել, քանի դեռ ՀՔԾ-ն նույն գործիքակազմով է  գործում, քանի դեռ նույն անձն է ղեկավարում այդ ծառայությունը։ Այդ պարագայում պարոն Թավադյանը հրաժարվում է մասնակցել, կատարում է իր դատավարական պարտականությունները»։  

Նա ասաց, որ Արմեն Թավադյանի գրասենյակից առգրավվել են համակարգիչներ, որոնք նրա անձնական համակարգիչները չեն. «Սա ակնհայտ է եղել քննիչների համար։ Այդ մասով որոշակի համագործակցություն եղել է ՀՔԾ քննիչի հետ, իրականում մենք չէ, որ պետք է նախաձեռնեինք այդ համագործակցությունը, մենք առաջարկել ենք, որ այդ համակարգիչների ինֆորմացիան պատճենահանվի, որպեսզի կազմակերպության գործունեությունը չխոչընդոտվի»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։