Իրանի նախագահ Հասան Ռոհանին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործարքով Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) փոխարինելու մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությանը, հաղորդում է Tasnim-ը:

Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը «սովոր է միայն օրենքի խախտմանն ու պայմանագրերի խզմանը»:

«Հետաքրքիր է՝ ինչի՞ մասին է մտածում Մեծ Բրիտանիայի վարչապետը եւ ինչպե՞ս է կոչ անում հրաժարվել ԳՀՀԾ-ից եւ իրականացնել Թրամփի ծրագիրը: Արդյո՞ք Թրամփը օրենքներն ու պարտավորությունները խախտելուց բացի ինչ-որ բան է արել»,- ասել է Ռոհանին:

Իրանի նախագահը եվրոպական երկրներին խորհուրդ է տվել պահպանել ԳՀՀԾ պայմանները:

Նա նորից հաստատել է, որ ԳՀՀԾ-ի գծով պարտավորությունների կրճատման Իրանի քայլերը շրջելի են՝ ընդգծելով, որ պատկերացումները, թե Թեհրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, միանգամայն սխալ են, քանի որ Իրանի ողջ գործունեությունը վերահսկվում է ԱԷՄԳ-ի կողմից։

ԻԻՀ նախագահը զգուշացրել է եվրոպական առաջնորդներին, որ նրանք կորուստներ կկրեն, եթե «ոչ ճիշտ» քայլեր ձեռնարկեն՝ խորհուրդ տալով նրանց վերադառնալ ԳՀՀԾ-ին։

Նա նաեւ ասել է, որ Եվրոպան որեւէ գործողություն չի ձեռնարկել Փարիզյան համաձայնագրից (համաձայնագիր կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ Շրջանակային կոնվենցիայի շրջանակում) Վաշինգտոնի միակողմանի դուրս գալուն ի պատասխան, դրա համար Իրանն այլեւս չի կարող հենվել Եվրոպայի խոստումների վրա։