Քաղաքական երկխոսությունը պետք է տեղի ունենա ըստ հավասար հարթությունների, չի կարելի քաղաքականության մեջ պլանկաներն իջեցնել։ Այսօր՝ հունվարի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով Վանեցյան- Մարմիամ Փաշինյան գրագրությանը։

«Փաշինյանը չի կարողանում իր ընտանիքին բացատրել, որ չի կարելի խառնվել քաղաքականության մեջ, չի կարողանում բացատրել, որ այդ ամենն իրեն ավելի մեծ վնաս է հասցնում»,- ասաց նա։

Վահան Բաբայանի խոսքով՝ Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, պետք է չանդրադառնար, չարձագանքեր, չներքաշվեր նմանատիպ խոսակցությունների մեջ։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ աշխարհում ոչ մի երկրի ղեկավարի ընտանիքի անդամները քաղաքականությամբ չեն զբաղվում, այնինչ Հայաստանում հակառակ պատկերն է։

«Այսօր Հայաստանում  տեղի է ունենում մի բան, որ դեմ է համընդհանուր բարոյական արժեհամակարգին։ Փաշինյանն իր ընտանիքին չի խնայում։ Մարդու կինն է զբաղվում քաղաքականությամբ, աղջիկ երեխան է զբաղվում քաղաքականությամբ։ Ինձ ասում են՝ երեխա մի ասեք, բայց ես չեմ ուզում հասուն մարդկանց վիրավորել Մարիամ Փաշինյանին հասուն մարդ անվանելով»,- նշեց նա։