Լիբանանում Կենտրոնական բանկի մոտ կալանավորվել է 59 մարդ՝ բողոքողների եւ ոստիկանության ուժերի միջեւ բախումներից հետո։

Ինչպես տեղեկացնում է AP-ը, բախումները բռնկվել են նախօրեի երեկոյան, տուժել է 47 ոստիկան։ Բողոքի ակցիայի մասնակիցները կոտրել են Բեյրութի առեւտրային շրջանի մասնավոր բանկերի պատուհանները։

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, բողոքողները հավաքվել էին Համրայի շրջանի Կենտրոնական բանկի մոտ՝ դժգոհություն հայտնելով ԿԲ քաղաքականությունից, որը, նրանց խոսքով, միայն խորացրել է երկրի ֆինանսական խնդիրները։

Հանրահավաքը վերաճել է բախումների, երբ մաասնակիցները փորձել են հաղթահարել ոստիկանական պատնեշը բանկի մոտ։ Ինչպես նշում է AP-ը, բախումները տեւել են ավելի քան 5 ժամ, ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները նրանց վրա քարեր եւ ճայթռուկներ են նետել։

Լիբանանը վերջին տասնամյակի ամենավատ ճգնաժամն է ապրում։ Տեղի արժույթը կորցրել է արժեքի ավելի քան 60 տոկոսը։

Այնինչ, բանկերը մտցրել են կապիտալի շարժի ոչ ֆորմալ հսկողություն՝ սահմանափակելով դոլարի առքն ու օտարերկրյա փոխանցումները երկիր։

Բողոքի երեք ամիսների ընթացքում առաջին անգամ Բեյրութի առեւտրային կենտրոնը դարձավ բախումների ասպարեզ։ Չորեքշաբթի երթեւեկությունը վերսկսվեց, խանութներն ու բանկերը նորից բացվեցին։