ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոն սահմանել եւ այն առաջարկել Դմիտրի Մեդվեդեւին: Այդ մասին նա հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Դմիտրի Անատոլեւիչը մշտապես զբաղվել է այդ հարցերով: Ես հնարավոր եմ համարում եւ նրան խնդրել եմ, որպեսզի հետագայում եւս զբաղվի այդ հարցերով: Հնարավոր եմ համարում եւ հետագայում կսահմանեմ ԱԽ ղեկավարի տեղակալի պաշտոնը»,- ասել է Պուտինը:

Պուտինը Անվտանգության խորհրդի ղեկավար է: Խորհրդի կազմում են 11 մշտական անդամներ, այդ թվում՝ խորհրդի քարտուղար Նիկոլ Պատրուշեւը: Մեդվեդեւը ԱԽ մշտական անդամներից մեկն է:

Ավելի վաղ ՌԴ կառավարությունը հայտարարել է Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան հրաժարական տալու մասին: Այդ մասին հայտարարել է Մեդվեդեւը:

Պուտինն ասել է, որ գոհ է կառավարության աշխատանքից: Նրա խոսքով՝ պաշտոնյաներին չի հաջողվել անել ամեն ինչ, սակայն դա հնարավոր չէ: Նա նաեւ հանձնարարել է կատարել պարտականությունները մինչեւ կառավարության նոր կազմ կձեւավորվի:

Ավելի վաղ չորեքշաբթի Պուտինը ուղերձ է հղել Դաշնային ժողովին եւ առաջարկել քննարկել իշխանական մարմինների միջեւ լիազորությունների մասնավոր բաշխման մասին   Սահմանադրության փոփոխությունները: Մասնավորապես, նա առաջարկել է Պետդումային իրավունք տալ ոչ միայն համաձայնեցնել, այլ նաեւ հաստատել վարչապետի, փոխվարչապետի եւ կառավարության այլ անդամների նշանակումը: