Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որ հետազոտություններ իրականացնեն՝ թե լաբորատոր, թե գործիքային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

«Նա առանձին պալատում է գտնվում, որը կից չէ որեւէ բաժանմունքի։ Տարբեր մասնագետներ են նայել Գագիկ Խաչատրյանին, հետազոտությունների արդյունքում ախտորոշումը կորոշեն, հետո կորոշվի, թե որ բաժանմունքում է նպատակահարմար կազմակերպել բուժումը»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Ասղտիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանն արդեն մոտ 6 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Նրա փաստաբանները կալանավորումն անօրինական են համարում։