ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննության գործով արտահերթ նիստ հրավիրելու նպատակը շոու ապահովելն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Գրիգորյանի պաշտպանն ասաց, որ ԶԼՄ-ներից է տեղեկացել արտահերթ նիստի մասին.

«Տեղեկացել եմ ԶԼՄ-ներից, սա Մանվել Գրիգորյանի գործով ավանդույթ դարձած մոտեցում է, հատկապես Դատախազության, ՀՔԾ-ի։ Մարդիկ մամուլից են իմանում, որ ունեն դատավարական կարգավիճակ, որ դու մի ասա, իրենց նկատմամբ գործ է հարուցվել, քննվում է։ Ես գործով ներգրավված պաշտպանն եմ, իմացել եմ ԶԼՄ-ներից եւ դրանից հետո զանգահարել եմ դատարան, դատարանը կապ է հաստատել գործընկերներիցս մեկի հետ. մեկին ասում են՝ 18։00, մեկին՝ 18։30-ին։ Այս ամենի մեջ կարեւորը ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելն է»։

Արսեն Մկրտչյանն ասաց, որ պաշտպանական կողմն արտահերթ նիստից ակնկալիքներ չունի.

«Չեմ հավատում, որ դատարանն ու դատախազությունը  տղամարդավարի քայլի կգնան։ Վստահ եմ, որ ինչ-որ մի բան թերի է լինելու։ Ես Մանվել Գրիգորյանին չեմ պաշտպանում, ես Մանվել Գրիգորյանի հետ այդ կալանքը կրում եմ։ Նրա ազատ արձակման որոշումն իմ ամենամեծ ցանկությունն է։ Քանի որ ես գիտեմ՝ միջնորդությունն անողն ով է, դատախազությունը ինչ քաղաքականություն է վարում։ Ես մեկ է չեմ հավատում։ Ես տղամարդավարի ասում եմ՝ լավ բան չեմ սպասում»։

Պաշտպանի խոսքով՝ նպատակ է դրված Մանվել Գրիգորյանին ֆիզիկապես ոչնչացնելը. «Արտահերթ նիստ են անում, որ շոու ապահովեն։ Սրա նպատակը՝ միջգերատեսչական ստեղծելն է։ Եթե աչքերով էլ տեսնեմ, ականջներով էլ լսեմ՝ չեմ հավատա, որ դատախազությունը միջնորդում է խափանման միջոց փոխելու, ապա թող մեկն ինձ կողքից կպնի, գուցե դա երա՞զ լինի»։

Նշենք, որ այսօր ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայանալու է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: