ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի սրտի սատուրացիան եւ շաքարը բարձր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գրիգորյանի հարազատներից մեկը։

«Կարող էր սրտի կանգ առաջանալ, անմիջապես տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք»,- պատմեց հազարատներից մեկը։

Նրանք NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ լրատվամիջոցներից են տեղեկացել կալանքի փոփոխման արտահերթ նիստի  մասին։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

Նշենք, որ այսօր ՀՀ դատախազության նախաձեռնությամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայանալու է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: