ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին նշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի շրջանակում 7 մեղադրողների թեկնածությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ցուցակում են Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի ղեկավար Ադամ Շիֆը, իրավաբանական կոմիտեի ղեկավար Ջերոլդ Նադլերը, վարչական հարցերով հանձնաժողովի ղեկավար Զոի Լոֆգրենը, ինչպես նաեւ կոնգրեսականներ Հաքիմ Ջեֆրիսը, Վալ Դեմինգսը, Ջեյսոն Քրոուն եւ Սիլվիա Գարսիան:

Բանաձեւի հարցով քվեարկությունը նշանակվել է չորեքշաբթի: Այն թույլ է տալիս բյուջեից միջոցներ տրամադրել Սենատում դատական պրոցեսի անցկացման համար:

2019 թվականի սեպտեմբերի 24-ին Ներկայացուցիչների պալատը հայտարարել է Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին: Դեմոկրատական կուսակցությունը կարողացել է նախաձեռնել այդ գործընթացը, քանի որ օրենսդիր մարմնի ստորին պալատում մեծամասնություն ունի: Դեմոկրատները Թրամփի իմպիչմենթի ընթացակարգ են սկսել Թրամփի քաղաքական ընդդիմախոս, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ քննություն անցկացնելու նպատակով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա շարունակական ճնշման պատճառով:

Դեկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների պատալը հաստատել է նախագահի դեմ մեղադրական եզրակացությունը, որը կազմված է 2 հոդվածից՝ իշխանության չարաշահում եւ խոչընդոտում Կոնգրեսին: Դատական գործընթացի ժամանակ սենատորները կիրականացնեն ատենակալների գործառույթները, իսկ ստորին պալատը փաստացի հանդես կգա որպես մեղադրող կողմ: Գործընթացը կղեկավարի ԱՄՆ Գերագույն դատարանի ղեկավարը: Իմպիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ է սենատորների առնվազն 67 ձայն: Սենատի ներկայիս կազմով իմպիչմենթի օգտին քվեարկելու հավանականությունը փաստացի հավասար է զրոյի, քանի որ հանրապետականները Վերին պալատում զբաղեցնում են 100 տեղերից 53-ը: Թրամփն ավելի վաղ բազմիցս քննադատել է դեմոկրատներին, որ նրանք ձգձգում են Սենատին մեղադրական եզրակացությունների փոխանցումը: