Կառավարության դիմաց այսօր՝ հունվարի 16-ին, բողոքի ակցիա իրականացնող անասնապահների հետ հանդիպեց ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Անասնապահները մի շարք բողոքներ ներկայացրեցին Ավետիսյանին։

Նախ, նշեցին, որ շատ քիչ են սպանդանոցները․ «Օրինակ, Վայոց ձորում 1 սպանդանոց է, բայց մարզն ունի 20 գյուղեր, Վայոց ձորում ո՞նց ենք մորթելու»։

Բացի այդ, անասնապահները հարցրեցին՝  ծախսեր կանի՞ սպանդանոցը, գա անասունին տանի, մորթի։

Ավետիսյանն արձագանքեց․ «Հարցեր եք տալիս, որոնց պատասխանները սպանդանոցների տերերը պետք է տան»։

Անասնապահներից մեկը վրդովվեց․  «Ինչի՞ ես պիտի նայեմ սպանդանոցի տերերին, ինչի՞ ինքը ինձ պետք է թելադրի՝ ես ինչ գնով վաճառեմ, ես էս գործի թարգը տա՞մ։ Եթե դուք սարքեք ապանդանոցներ, մարդկանց ապահովեք, նոր պահանջեք»։

Տեսչական մարմնի ղեկավարն ի պատասխան ասաց․ «Մենք չենք սարքողը, դուք սարքեք»։

Գյուղացին արձագանքեց՝ միջոցներ չունի սպանդանոց կառուցելու համար․ «Ես փող չունեմ, որ սպանդանոց սարքեմ։ Հարցն այն է, որ մի քանի շրջաններում սպանդանոցներ լինեն։ 10 հազար դրամ փոխադրման համար են ուզում, 12 հազար սպանդանոցի համար»։

Անասնապահներից մեկն էլ նկատեց՝ տեղափոխման ժամանակ լրացուցիչ խնդիրներ են առաջանում․ «Ցուլին հլը փորձեք հանել ավտոն, սաղին կփռի գետնին, խոզին հանես ավտոն, ոտքերի մոտը սաղ կապտելու, սեւանալու է, մորթեմ, ոչ մի մսավաճառ չի ընդունելու այդ միսը»։

Անասնապահներից մեկը պնդեց՝ շուկան լավ ուսումնասիրված չէ․ «Ես կողմ եմ, որ մաքուր սնունդ վաճառվի, բայց այսօրվա իրավիճակը, սպանդամոցների տեղաբաշխվածությունը թույլ չի տալիս, որ դուք պահանջեք սպանդանոցային միս։ Պետք է քննարկվի, որ շրջանում քանի սպանդանոց պետք է լինի։

Մինիմում 40 միլիոն դրամից է սկսում սպանդանոցի կառուցումը։ Շուկան լավ ուսումնասիրված չի, մենք պահանջում ենք պատշաճ ուսումնասիրել շուկան»։

Անասնապահներն առաջարկեցին՝ մանր բիզնեսին թողեն աճել, հսկողություն սահմանվի, որ մաքուր միս վաճառվի, իսկ սուպերմարկետները սպանդանոցից գնեն միսը։

Ավետիսյանն ի պատասխան ասաց, որ այդքան տեսուչ չկա, որ վերահսկի։

Գյուղացիները պնդեցին՝ եթե սպանդանոցը պետական չեղավ, չի գործելու, 5-րդ ձեւը սկսելու են փողով վաճառել։

Նրանք նաեւ նշեցին՝ մարդիկ կդադարեն զբաղվել անասնապահությամբ, կլինի արտագաղթ եւ շուտով հայկական միս էլ չի լինի։

Լրագրողների հետ զրույցում Ավետիսյանը նշեց, որ անասնապահների դիտարկումների մի մասը ընդունելի է իր համար․ «Մենք հավաքել ենք սպանդանոցների սեփականատերերին եւ ներդրողներին, այսօր քննարկում ենք ունենալու ժամը 14,00-ին, թող 5-10 հոգի գան իրենցից, այդ հարցերը բարձրացվենԼ։ Հնչած առաջարկությունը կքննարկվի, այստեղ հարցեր են բարձրացվում, որոնք մեզ համար զարմանալի են, քանի որ սպանդանոցների տերերի հետ մենք լրիվ այլ բան ենք պայմանավորվել։ Այստեղ որ ասում են՝ 20 հազար, 8 հազար, ենթամթերքի համար գումար, այդպիսի բաներ չպիտի լինեին։ Սպանդանոցների հետ պայմանավորվել ենք, որ տեղափոխումը սպանդանոցը պետք է իրականացներ, հետո սառնարաններով միսը տեղափոխեն։ Հենց հիմա 22 գործող սպանդանոց կա, 20 սպանդանոց էլ մեկ ամսվա ընթացքում կավարտեն, հայտեր անընդհատ կան»։