Քննարկման ներկայացված արձանագրությունը նախատեսում է, որ ԱՊՀ երկրների հարկային մարմինները պետք է տեղեկությունների փոխանակում կատարեն իրավաբանական եւ ֆիզիկական անձանց որոշ եկամուտների վերաբերյալ, այդ թվում՝ համագործակցության այլ պետությունում ստացած: Այս մասին հունվարի 16-ին Տնտեսական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հարկային վարչարարության իրականացման համար ԱՊՀ անդամ երկրների միջեւ էլեկտրոնային ձեւով տեղեկությունների փոխանակման մասին» արձանագրության վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը թույլ կտա հարկային վարչարարության ոլորտում բարեփոխումների անցկացման ապահովում եւ կրկնակի հարկումից խուսափում: Փաշայանի պարզաբանմամբ՝ քանի որ Հայաստանն ինքնուրուն երկրի ներսում փաստաթղթերը փոխանցում է էլեկտրոնային ձեւաչափի, ապա շահագրգռված է, որ նույն գործընթացը տեղի ունենա ԱՊՀ երկրների հետ տեղեկությունների փոխանակման ժամանակ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ինչպես նշեց ՊԵԿ ղեկավաի տեղակալը, ԱՊՀ շրջանակում փաստաթղթեր ընդունելիս ստանդարտ է սահմանվել, որի համաձայն՝ Բաքուն հանդես է գալիս որոշակի վերապահումներով, իսկ Երեւանը՝ հատուկ կարծիքով: «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի կողմից իրավունքներից, պարտավորություններից եւ կետերից ոչ մեկը չի կիրառվելու, մինչեւ չլուծվի ղարաբաղյան հակամարտությունը, որը Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետեւանքն է»,- շեշտեց պաշտոնյան:

Խորհրդարանական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: