Պառլամենտական հարթակը եղել եւ մնում է շատ կարեւոր հարթակ։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպմանը։

«Գիտեք՝ խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարեւոր եւ ակտիվ ուղղություն է, եւ մեր համագործակցությունն ու շփումները շատ մեծ նշանակություն ունեն։ Իհարկե, մենք ե՛ւ հանձնաժողովներով, ե՛ւ պառլամենտական խմբերով, տարբեր պատվիրակություններով տարբեր մարմիններում այդ գործառույթը իրականացնում եք եւ նաեւ տարբեր խմբակցությունների հետ եւս այս գործառույթն իրականացնում ենք, որպեսզի ավելի ամրապնդենք, ավելի ուժեղացնենք աշխատանքի էֆֆեկտիվությունը»։

Հարցին գերիների փոխանակման մասով ինչ նորություն կա, նախարարն արձագանքեց․ «Ինձ համար չափազանց զգայուն է եւ վատ եմ ընդունում այս իրավիճակը, որ ունենք, բայց դեռեւս դժբախտաբար այս պահին բան չունեմ ասելու»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ առաջիկայում հանդիպում նախատեսվում է, որին ի պատասխան Մնացականյանը հորդորեց հարգել այն ավանդույթը, ըստ որի միաժամանակ է հայտարարվում հանդիպման մասին․ «Մենք չենք խուսափում։ Բնականոն բանակցային գործընթացը անհրաժեշտ է շարունակել, անհրաժեշտ է միշտ ներգրավված լինել եւ աշխատել»։