Երեւանը 380-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշում։ Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի մայրաքաղաքը, պարզվել է, ամենաթանկն է։ Բաքուն զբաղեցրել է 390-րդ հորիզոնականը, իսկ Թբիլիսին՝ 404-րդ, համաձայն Numbeo-ի տվյալների բազայի, որը հրապարակել է կյանքի արժեքի ինդեքսի հունվարյան զեկույցը։

Աշխարհի ամենաթանկ քաղաքներ են ճանաչվել Ցյուրիխը, Բազելը եւ Լոզանը։ Վարկանիշի 4-րդ եւ 5-րդ տեղերը նույնպես զբաղեցրել են շվեյցարական քաղաքները՝ Ժնեւը եւ Բեռնը։ Այնուհետեւ տասնյակում ընդգրկված են Ստավանգերը, Օսլոն, Տրոնխեյմը (Նորվեգիա), Ռեյկյավիկը (Իսլանդիա) եւ Բերգենը (Նորվեգիա)։

Ռուսաստանի ամենաթանկ քաղաքը Մոսկվան է՝ 251-րդ տեղում։

Վարկանշային ցուցակում ընդհանուր առմամբ ներառված է 440 քաղաք։ Կյանքի արժեքը հաշվարկել են խանութներում եւ ռեստորաններում գների, տրանսպորտի եւ կոմունալ ծառայությունների ծախսերի, ինչպես նաեւ բնակչության գնողական ունակությունների հիման վրա։ Բնակարանների վարձակալության եւ գնման ծախսերն առանձին են հաշվարկել։