Խելացի տան տեխնոլոգիայի տարածումը դեռեւս բախվում է լուրջ դժվարությունների, կարծում են Amazon-ում։ Իրավիճակը շտկելու համար ընկերությունը պատրաստ է անգամ միավորվել մրցակիցների հետ, տեղեկացնում է HighTech+-ը։

Մի քանի տարի շարունակ Սիլիկոնային հովտի ընկերությունները խոստանում են մեզ ինտելեկտուալ կենցաղային սարքերի ֆուտուրիստական տեխնոլոգիաների ստեղծում, որոնք կկռահեն մեր բոլոր ցանկություններն ու կկատարեն մեր քմահաճույքները սպասյակներից ավելի լավ։ Բայց մինչեւ հիմա այդ խոստումները իրականացվել են միայն աննշան չափով։

Սակայն հանրության հետաքրքրությունը խելացի տան տեխնոլոգիայի հանդեպ վերջին երեք տարիներին նկատելիորեն ավելացել է, գրում է BI-ն։ Համաձայն 2016 թվականին բրիտանական ընտանիքներում անցկացված հարցման՝ նրանց մեծ մասին չի հետաքրքրել ինտելեկտուալ գաջեթը։ Բայց 2019 թվականի առաջին եռամսյակում տնային սարքերի համաշխարհային մատակարարումները ավելացել են 37,3 տոկոսով անցած տարվա համեմատ։ Իսկ մինչեւ 2023 թվականը վաճառքն այդ շուկայում կհասնի 1,39 մլրդ դոլարի։

Խելացի գաջեթների հաջողության մեծ մասը կարելի է վերագրել Amazon-ի եւ Google-ի ձայնային օգնականներին, որոնք հիմա ամենուրեք են՝ բարձրախոսներից մինչեւ ջեռոցներ։ Բայց չնայած Ալեքսայի կամ Google Assistant-ի տարածվածությանը, խելացի տան տեխնոլոգիան դեռեւս չափազանց դժվար գործ է լայն օգտագործման համար։ Այսպես է կարծում Amazon-ի սարքերի ու սերվիսի գծով ավագ փոխնախագահ Դեւիդ Լիմպը։

«Խելացի տունը դեռեւս բարդ բան է մնում,- ասել է նա հարցազրույցում,- այն առայժմ չափից ավելի խելացի է, իսկ այնտեղ չափից շատ են դժվարությունները»։