Ամերիկուհին 25 տարվա բանտարկության է դատապարտվել ամուսնուն աչքի կաթիլներով թունավորելու պատճառով: Fox News-ը հայտնում է, որ նախկին բուժքույր Լանա Սու Քլեյթոնն իրեն մեղավոր է ճանաչել ոչ դիտավորյալ սպանության մեջ:

Նա 3 օր շարունակ «Վիզինն» ավելացրել է ամուսնու ըմպելիքի մեջ: Նրա խոսքով՝ ամուսինն իրեն վիրավորում էր, բայց ինքը չի ցանկացել նրան սպանել: «Ես իմպուլսիվ կերպով «Վիզինն» ավելացրել եմ Սթիվենի ըմպելիքի մեջ, բայց ես դա հենց այնպես եմ արել, որ նա իրեն վատ զգա,- դատարանում ասել է Քլեյթոնը: - Ես ընդհանրապես չէի կարծում, որ դա նրան կսպանի»:

Դրանից երկու տարի առաջ Քլեյթոնն ամուսնու վրա կրակել էր արբալետից: Նա ասել էր, որ դա դժբախտ դեպք էր, բայց ավելի ուշ պնդել էր, որ նրա վրա է կրակել՝ փախչելով այն բանից հետո, երբ նա վիճաբանության ժամանակ իր վրա ինչ-որ բան է նետել:

Իշխանությունները հայտարարել են, որ Քլեյթոնն իր ամուսնուն ցանկացել է սպանել ժառանգության պատճառով: Զույգն ապրում էր 1 մլն դոլար արժողությամբ տանը, Ֆլորիդայից բիզնեսմեն Սթիվեն Քլեյթոնը ավելի քան 1 մլն դոլարի ակտիվներ ուներ: