Ուոլ սթրիթի էքսկլյուզիվ ակումբը 1 տրլն դոլար արժողությամբ նոր անդամ ունի։ Google Alphabet մայր ընկերության բաժնետոմսերը հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ ընկերության շուկայական արժեքը բարձրացնելով մինչեւ 1 տրիլիոն դոլարի, տեղեկացնում է CNN-ը։

Alphabet-ը միացել է Apple-ին եւ Microsoft-ին որպես1 տրիլիոն դոլար արժեք ունեցող ընկերություն։ Apple-ը Միացյալ Նահանգների ամենաթանկ ընկերությունն է, նրա շուկայական արժեքը կազմում է մոտ 1,4 տրլն դոլար։ Microsoft-ն արժե մոտ 1,3 տրլն դոլար։

Առաջին անգամ է, որ ամերիկյան երեք ընկերություն միաժամանակ 1 տրլն դոլարից ավելի արժեն։

Երկրագնդի ամենաթանկ ընկերությունը Saudi Aramco նավթային հսկան է, որն արժե մոտ 2 տրլն դոլար։

Amazon-ը, որն այժմ գնահատվում է մոտ 930 մլրդ դոլար, երկրորդ ամերիկյան ընկերությունն էր, որը հասել է 1 տրլն դոլարի մակարդակի 2018 թվականի սեպտեմբերին։