Պեկինը հավաստիացրել է Եվրամիությանը, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային միջանկյալ համաձայնագրի ստորագրումը ոչ մի կերպ չի անդրադառնա Չինաստանի եւ Եվրոպայի առեւտրատնտեսական հարաբերությունների վրա։ Չինաստանի ԱԳՆ-ում հավաստիացրել են, որ եվրոպացի գործարարները ոչ մի կերպ չեն տուժի ԱՄՆ-ի հետ չինական պայմանավորվածություններից, տեղեկացրել է Պեկինում Եվրամիության դեսպան Նիկոլաս Չապիուսը, փոխանցում է DW-ն։

Եվրամիությունը մտադիր է ուշադիր հետեւել իրավիճակին՝ նկատի ունենալով Պեկինի հավաստիացումները։

Հունվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ստորագրել են համաձայնագիր երկու երկրների միջեւ առեւտրային վեճի կարգավորման առաջին փուլի մասին։ Դրանով նախատեսվում է, որ Պեկինը 200 մլրդ դոլարի չափով կավելացնի ԱՄՆ-ից ապրանքների եւ ծառայությունների ներմուծումը երկու տարվա ընթացքում։ Փոխարենը ԱՄՆ-ը լրացուցիչ սահմանափակումներ չի մտցնի Չինաստանի դեմ։

2020 թվականին Եվրամիությունը եւ Չինաստանը մտադիր են կնքել համապարփակ համաձայնագիր ներդրումների պաշտպանության մասին, որի շուրջ բանակցությունները ընթանում են արդեն յոթ տարի։ Այն պետք է ապահովի, մասնավորապես, եվրոպացի գործարարների համար չինական շուկայի ավելի բարելավված հասանելիություն, արդար մրցակցություն, խտրական պահանջների եւ գործելակերպի վերացում եվրոպացի ներդրողների հանդեպ, ներդրումների պաշտպանության մեխանիզմների ստեղծում։

Մարտի վերջին Պեկին կմեկնի Եվրամիության ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում կլինեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը (Ursula von der Leyen) եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Իսկ Եվրամիությունում Գերմանիայի նախագահության ժամանակ տարվա երկրորդ կեսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը (Angela Merkel) մտադիր է Լայպցիգում սեպտեմբերի 14-ին գումարել ԵՄ-Չինաստան գագաթաժողով, որին հրավիրված է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։