Իրանը կոչ է անում ուկրաինական ինքնաթիռի ողբերգության հետ կապված քաղաքական շահարկումներ չանել։ Ինչպես հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին, Իրանը զարմացած է հինգ երկրների, որոնց քաղաքացիներն են զոհվել ավիավթարից, ներկայացուցիչների որոշ հայտարարություններից, տեղեկացնում է Mehr-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի եւ Աֆղանստանի ԱԳՆ ղեկավարները հանդիպում են ունեցել եւ Իրանից պահանջել են  փոխհատուցում կործանված ինքնաթիռի զոհերի ընտանիքների համար։

Թեհրան-Կիեւ չվերթի ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ի առավոտյան թռիչքից մի քանի րոպե հետո։ Բոլոր 177 մարդիկ զոհվել են։ Երեք օր հետո Իրանը խոստովանել է, որ ինքնաթիռը պատահաբար խփվել է հրթիռով։

Իրանի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ իսլամական հանրապետությունը համագործակցում է օտարերկրյա պատվիրակությունների հետ, որոնք զբաղվում են գործի հետաքննությամբ Իրանում։

«Զոհերի բոլոր մարմինները ճանաչված են, եւ Իրանը համագործակցում է վթարին առնչակցվող բոլոր երկրների հետ ու կշարունակի անել դա, ինչպես պահանջում են կանոնները»,- ավելացրել է նա։

«Տարօրինակ է, որ Կանադայի ԱԳՆ ղեկավարը,  Իրանի կողմից նախնական միջոցների ձեռնարկումից եւ համագործակցությունից հետո, նման հայտարարություն է անում եւ հյուպատոսական հասանելիություն հայցում, որը համաձայնեցվել է եւ ներկայացվել Իրանի կողմից միջադեպի առաջին օրը»,- ասել է նա։

Մուսավին նշել է, որ «իսլամական հանրապետությունը նախկինում խնդրել էր Կանադային թույլատրել հյուպատոսական ներկայացուցչություններին աշխատել երկու երկրներում, բայց Կանադայի կառավարությունը հրաժարվել էր ԱՄՆ ճնշման պատճառով։ Կանադացիների վերջին դիտողությունների մոտիվացիան մեզ պարզ չէ»։

Նա կոչ է արել բոլոր կողմերին թույլատրել արարողակարգերի անցկացումը առանց որեւէ վեճերի, եւ հարցը չխառնել քաղաքական դրդապատճառների հետ։