Ես ուրախ կլինեմ, որ մենք, ի վերջո, ունենանք այն անկախ դատական համակարգը, որի մասին ամեն օր խոսվում է: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, իրենք պետք է հասկանան, թե որն է լինելու այդ փոփոխությունների օրակարգը. «Ես կարծում եմ, որ մինչեւ հանձնաժողով ստեղծելը առնվազն խորհրդարանում ներկայացվեր, թե մենք ինչու ենք գնում սահմանադրական փոփոխությունների, գործող Սահմանադրության մեջ ինչն է, որ խոչնդոտում է իշխանություններին իրենց ռեֆորմներ իրականացնելուն: Սայլը դրվեց ձիուց առաջ, այդուհանդերձ, մենք կքննարկենք, թե ինչ փոփոխություններ են լինելու»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե մենք անընդհատ խոսում էինք, որ դատական համակարգը գտնվում էր նախորդ իշխանության կրնկի տակ, դրանից առաջ էլ նախորդի նախորդ իշխանության կրնկի տակ, ապա ինձ համար կրունկը բացարձակ կարեւոր չէ, եւ ես չեմ ուզում, որ դատական իշխանությունը հիմա էլ գտնվի այս իշխանության կրնկի տակ: Ինձ համար տարբերություն չկա՝ կրունկը Ռոբերտ Քոչարյանինն էր, Սերժ Սարգսյանինը, թե կլինի Նիկոլ Փաշինյանինը: Չպիտի լինի դատական իշխանությունը որեւէ իշխանության կցորդը»,-նշեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա հավելեց, որ եթե սահմանադրական փոփոխությունները նրա համար են, որ ունենանք անկախ դատական համակարգ, դա այլ է, իսկ եթե այդ փոփոխությունները արվելու են դատական համակարգը հիմա էլ այս իշխանության կրունկի տակ փռելու համար, ապա դա իրենց համար լինելու է բացարձակապես անընդունելի: