Եվրաեռյակը՝ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ծառայում է ԱՄՆ-ի շահերին եւ չի կարող իրանցի ժողովրդին ծնկի բերել: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Mehr-ի հաղորդմամբ՝ Խամենեին ուրբաթօրյա աղոթք է անցկացրել վերջին 8 տարվա մեջ առաջին անգամ:

Նա «Աստծո օր» է անվանել Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածը՝ ի պատասխան գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, նշելով, որ դրա հետեւանքերն իրենց մասին կհիշեցնեն աստիճանաբար:

«Գեներալ Սոլեյմանին տարածաշրջանում ահաբեկիչների դեմ պայքարում ամենաազդեցիկ հրամանատարն էր, եւ բոլորը ճանաչում են այդ փաստը»,- նշել է Խամենեին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը սպանեց Սոլեյմանիին ոչ թե մարտի դաշտում, այլ վախկոտի նման, եւ նրանք ճանաչեցին այդ ահաբեկչական ակտը, ինչը խայտառակություն է Վաշինգտոնի համար:

Նրա խոսքով՝ ամերիկացի ծաղրածուները պնդում են, թե աջակցում են իրանցիներին, սակայն նրանք ստում են, քանի որ իրականում ցանկանում են «իրենց դաշույնը խրել իրանցի ժողովրդի մարմնի մեջ»: «Ուկրաինական ինքնաթիռի սարսափելի ողբերգությունն իսկապես վշտացրեց Իրանին, սակայն թշնամին ձգտում էր մթագնել հրամանատարների մահն այդ ողբերգական միջադեպով: Թշնամին երջանիկ է ինքնաթիռի չկանխամտածված կործանման առիթով, քանի որ կարծում է, որ առիթ է գտել Իրանին ոչնչացնելու համար, սակայն, անկասկած, դա նրան չի հաջողվի»,- ասել է Խամենեին:

Նա նաեւ նշել է, որ բանակցությունների սեղանի շուրջ նստած եվրոպացիները ահաբեկիչներ են, որոնք ծառայում են միեւնույն տիրոջը:

Իրանը չի վախենում բանակցություններից՝ հավելել է Խամենեին: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ միջոցն ուժ հավաքելն է: