Հնարավոր է՝ Apple ընկերությունը ստիպված լինի հրաժարվել Lightning լիցքավորման մալուխից, եթե դրա օգտին քվեարկեն եվրոպացի օրենսդիրները, փոխանցում է BBC-ն: 

Եվրոպայում մոտ ժամանակներում պետք է լուծվի լարի ճակատագիրը, որն օգտագործվում է Apple-ի սարքերի, օրինակ՝ iPhone-ի կամ AirPods-ի ականջակալների լիցքավորման եւ համակարգչի հետ համաժամանակացնելու համար:

Եվրախորհրդարանի անդամները Եվրահանձնաժողովին կոչ են արել տեխնոլոգիական հսկաներին հարկադրել մշակելու բոլոր սարքերի համար միասնական լիցքավորման միջոց:

Apple ընկերությունն արդեն դադարել է Lightning միակցիչն օգտագործել 2019 թվականի թողարկման iPad պլանշետների վրա: Androidի հիմքով սարքերը լիցքավորվում են USB-C-ի եւ միկրո-USB-ի միջոցով:

Եվրոպացի կարգավորողների քվեարկության օրը դեռեւս չի որոշվել: Apple-ից հայտարարել են, որ առաջարկվող փոփոխությունները կզսպեն ինովացիաները եւ կխանգարեն օգտատերերին:

Եթե կարգավորող մարմինն իր առաջարկը գործարկի, Եվրոպայում վաճառվող Apple-ի սարքերում պետք է փոխեն լիցքավորման միակցիչը կամ ընդհանրապես լարերից հրաժարվեն:

Լարային մեթոդի դեպքում առավել հավանական է, որ Apple-ն իր մոդելների համար կհարմարեցնի USB-C միակցիչը: Նոր մալուխը կլինի երրորդը մակնիշի սարքերի վաճառքի 13-ամյա պատմության մեջ:

Android համակարգի հիմքով նոր մոդելների մեծամասնությունն օգտագործում է USB-C միակցիչը: