Facebook-ը հրաժարվել է WhatsApp մեսենջերում գովազդի ինտեգրման ծրագրերից, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Աղբյուրների տվյալներով՝ այդ ուղղությամբ աշխատող թիմը լուծարվել է, իսկ աշխատանքի արդյունքները ջնջվել են WhatsApp կոդից:

Մինչ Facebook-ին միանալը WhatsApp-ը վճարովի հավելված էր: Օգտատերերը պետք է տարեկան 0,99 դոլար վճարեին, սակայն Facebook-ը դա չեղարկել է, փոխանցում է Կոմերսանտը:

2018-ին սոցցանցը ծրագիր է ներկայացրել այն մասին, թե ինչպես է ընկերությունը պատրաստվում վաստակել մեսենջերի հաշվին: Ծրագրերի թվում էր գովազդի վաճառքը: Սակայն մեկուկես տարի առաջ հենց դա էր պատճառը, որ Facebook-ից հեռացավ WhatsApp-ի համահիմնադիր Յան Կումը: Նա մեսենջերը Բրայան Էքթոնի հետ ստեղծել է 2009 թվականին, իսկ 2014 թվականին այն 19 մլրդ դոլարով գնել է Facebook-ը: Այդ ժամանակ Կումը ներառված էր սոցցանցի տնօրենների խորհրդում, սակայն 2018-ի մայիսին լքեց այն Facebook-ի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով: Նա համաձայն չէր WhatsApp-ի նկատմամբ Facebook-ի քաղաքականության մի շարք կետերի հետ՝ մեսենջերում գովազդի ինտեգրում, գովազդատուների համար օգտատերերի անձնական տվյալների օգտագործում եւ WhatsApp-ում կոնտենտի թվայնացման թուլացում:

WSJ-ի աղբյուրների խոսքով՝ այժմ Facebook-ը ցանկանում է գումար վաստակել մեսենջերի օգնությամբ՝ այդպիսով վճարովի գործառույթներ ստեղծելով ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են համագործակցել մեսենջերում հաճախորդների հետ:

Արդեն հիմա WhatsApp-ում կան գործիքներ, որոնք դասակարգում են հաճախորդների հարցերը, ավտոմատ կերպով պատասխանում դրանց: Գովազդատուները նաեւ կարող են ուղիղ կապ հաստատել օգտատերերի հետ, որոնք սեղմել են գովազդի վրա: Անցած շաբաթ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերըգ հայտնել է 2020 թվականից իր սպասելիքների մասին, որոնց թվում նշել է Facebook-ում, Instagram-ում եւ WhatsApp-ում փոքր բիզնեսի համար հնարավորությունների մասին: