1988 թվականին Հայաստանում երկրաշարժի ժամանակ ադրբեջանցիները մեզ շնորհավորում էին, որ հայեր են զոհվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 17-ին ասաց Բաքվից փախստական Աննա Աստվածատրյան-Թուրքոթը։

Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ երկար տարիներ հայերի վրա գործադրվել է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական ճնշում։ «Բանն այնտեղ հասավ, որ 1989 թվականին ինձ վրա հարձակվեց հարեւանս, նույն թվականին մենք արդեն տեղափոխվեցինք ԱՄՆ։ Բաքվում մնացին մեր հարեւանները, որոնք սպանվեցին ջարդերի ժամանակ։ Ընդհանուր առմամբ, մենք փոփոխություն զգում էինք հայերի հանդեպ դեռեւս 1988-ից, իսկ իմ ողջ կյանքը կապված է եղել այդ ահավոր իրադարձությունների հիշողությունների հետ»,- նշել է դեպքերի ականատեսը։

Նա ափսոսանք հայտնեց այս հարցում հայկական պետության պասիվությամբ: «ԱՄՆ-ում բնակվելով՝ տեսնում եմ, թե Ադրբեջանն ինչ ակտիվությամբ է առաջ մղում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ կեղծ օրակարգը, մինչդեռ Հայաստանը ոչինչ չի անում, որ միջազգային ասպարեզում աշխարհին ներկայացնի անցյալի իրադարձությունների իրական պատկերը»,- պարզաբանեց Աննա Աստվածատրյան-Թուրքոթը:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ը ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ, որի ժամանակ, պաշտոնական տվյալներով, զոհվեցին 27 եւ վիրավորվեցին հարյուրավոր հայեր: Մի քանի օրվա ընթացքում քաղաքից հեռացավ 18 հազար հայ: Երկու տարի անց՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, հայերի զանգվածային ջարդ տեղի ունեցավ արդեն Բաքվում: Զոհվեց մոտ 100 մարդ, ավելի քան 200 հազարը վտարվեց: