Ապշահար արեց այս լուրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին մահացած հայտնաբերելու լուրի մասին։

«Նախ պետք է ասեմ, որ ապշահար արեց այս լուրը ե՛ւ ինձ, ե՛ւ իմ գործընկերներին։ Լուրը նոր է, խորը մեկնաբանություն չեմ կարող անել։ Ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել բարեկամներին , հարազատներին, վստահ եմ՝ շուտով կիմանանք մանրամասները այս ամենի, ապշած եմ»,-նշեց նա։

Հարցին՝ որպես ԱԱԾ ղեկավար պարզ է, որ տիրապետում էր որոշակի ինֆորմացիայի, կարո՞ղ էր իսկապես ինքնասպանություն լինել, թե չի բացառում, որ սպանություն լինի, Սիմոնյանն ասաց, «Խոսքը վերաբերում է մարդու կյանքին եւ անկախ նրանից թե ինչ պաշտոն է զբաղեցրել, չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել, կամ այնքան մեծ բեռ է կրել, որ այդ բեռը․․․չգիտեմ, ինքնասպանությունն ու սպանությունը տարբեր մեկնաբանությունների եւ տարբեր հետեւությունների առիթ է, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ կասի նախաքննող մարմինը՝ ինչն է եղել պատճառը»։

Հարցին՝ նախկին ոստիկանապետի դեպքից, հիմա ԱԱԾ նախկին ղեկավարի դեպքը արդյոք իշխանությանը ահազա՞նգ է, նա պատասխանեց․ «Ես չգիտեմ, կարծում եմ՝ սա նախկինի արձագանք կարելի է համարել, որը մինչեւ օրս հնչում է, եւ մեր ականջին հասնում է նման ձեւերով, ցավալի արձագանք է, կարծում եմ հետեւություններ պետք է անենք։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ինչ-որ բացասական գործընթաց է տեղի ունենում, որը կողքով անցնում է եւ մենք դրա հետ որեւէ առնչություն չունենք։ Շատ ցավում եմ, որ այդ գործընթացը մարդկանց կյանքեր է արժենում»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Մամուլում շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Մասնավորապես, «Հրապարակի» տեղեկություններով՝ ոստիկանները երբ մտել են նրա բնակարան, դիակի զննության ժամանակ դիակի կողքը հայտնաբերել են կոնյակի շիշ, որը դատարկ է եղել, նաև ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Կրակոցն արձակվել է հենց այդ զենքից և բերանից։ 

«Կուտոյանի դին հայտնաբերել է կինը. դեպքի վայրում զենք կա». ՔԿ փոխնախագահ (ուղիղ, ֆոտո)