Հրապարակման մեջ ամեն ինչ գրված էր, ամեն ինչ մատնանշված էր, ինձ ամենաշատը դուր եկավ վերջին պարբերությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով «Հայկական ժամանակ»-ի հոդվածի մասին, ըստ որի ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, որովհետեւ պետական հեղաշրջում է պլանավորել եւ հակաքարոզչություն է իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի դեմ։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ ԱԱԾ նախկին տնօրենը կարող էր հակաքարոզչություն իրականացնել վարչապետի ընտանիքի դեմ, Սիմոնյանն ասաց․ «Ես մեծ ցավ կապրեմ, եթե իմանամ, որ այն, ինչի մասին մենք խոսում ենք, իրականություն է, եւ մարդը, որը երկար ժամանակ  աշխատել է եւ հեղափոխության ամեն պտուղները որ կա, տեսել է, գիտի ներքին խոհանոցը, կարող է իրեն թույլ տալ ընտանիքի անդամների կամ վարչապետի դեմ հակաքարոզչությամբ զբաղվել։ Երբ դա անում են հասարակ վարձկանները, ես ինչ-որ տեղ կարող եմ հասկանալ, բայց նախկին ԱԱԾ տնօրենի պարագայում ես հույս ունեմ, որ ճշմարտությանը չի համապատասխանում, որովհետեւ դա շատ ցածր տարբերակ կլինի»։