ԱՄՆ-ի բնակիչ Ջիմի Մեդերսին ներում է շնորհվել մահապատժից մի քանի ժամ առաջ, հաղորդում է UPI-ը՝ վկայակոչելով Ջորջիա նահանգի Համաներման եւ պայմանական վաղաժամ ազատման գործերով խորհրդի ղեկավար Թերի Բարնարդին:

Մեդերսին դատապարտել էին գերագույն պատժին 1989 թվականին կողոպուտի ժամանակ խանութի շուրջօրյա գրաֆիկով աշխատակցին սպանելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Բարնարդի խոսքով՝ մահապատիժը ցմահ բանտարկությամբ փոխարինելու որոշումը կայացվել է գործի շրջանակում առկա բոլոր փաստերի, այդ թվում՝ երդվյալ ատենակալների՝ 1987 թվականին կայացրած որոշման հիման վրա: Այդ ժամանակ նրանք առաջարկել էին մեղադրյալի համար սահմանել ցմահ ազատազրկում, սակայն նահանգի օրենքները չէին նախատեսում այդպիսի պատիժ:

«Խորհուրդը որոշել է ներում շնորհել մեղադրյալին՝ հաշվի առնելով փաստը, որ նա չի ունեցել դատվածություն նախքան հանցագործությունը կատարելը: Բացի այդ, մահապատժի սպասող բանտարկյալների խցում ավելի քան 30 տարի անցկացնելու ընթացքում նա ունեցել է միայն մեկ աննշան խախտում, ինչպես նաեւ հաշվի է առնվել մեղադրյալին ցմահ ազատազրկման դատապարտելու մասին դատավարության ընթացքում երդվյալ «ատենակալների ցանկությունը», ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Մեդերսը պետք է դառնար 53-րդ ազատազրկվածը, որը Ջորջիա նահանգում մահապատժի էր ենթարկվել մահացու ներարկման եղանակով: