Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։ Բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել է և շպրտվել տարբեր կողմեր։

Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ ավտոմեքենայի սեփականատերը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, ավտոմեքենան տանից փախցրել էր նրա 16-ամյա տղան, իսկ մահացածներից մեկը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավան թաղամասի բնակիչ՝ 19-ամա Հայկ Սարգսյանն էր։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։