Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները:

Այնուհետեւ խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ եւ գյուղատնտեսական սպասարկման 19 կենտրոններ։

Տեղեկացվել է, որ CARD-ը զբաղվում է գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացմամբ, որոնք հիմնականում ուղղված են անասնաբուծության, կաթի արտադրության եւ վերամշակման զարգացմանը, գինեգործությանը, մեխանիզացման ծառայությունների, բանջարաբուծության եւ պտղաբուծության զարգացմանը, ինչպես նաեւ ջերմատնային արտադրությանը։ Վերջին նախաձեռնություններից են խոզաբուծության, այծաբուծության զարգացմանն ուղղված ծրագրերը:

CARD հիմնադրամը համակարգում է նաեւ ՀՀ-ում գործող 19 գյուղատնտեսական սպասարկման կենտրոնները, որոնք ստեղծված են մարզերում բարձրորակ գյուղատնտեսական ներդրանքները, ծառայությունները, գիտելիքն ու տեղեկատվությունն  ավելի հասանելի դարձնելու համար։ Կենտրոններն ըստ տեղայնության մասնագիտացված են հետեւյալ ուղղություններով՝ անասնաբուծություն եւ անասնաբուժություն, խոզաբուծություն, գինեգործություն եւ խաղողագործություն, ջերմոցային արտադրություն, բաց գրունտի բանջարաբուծություն, պտղաբուծություն, մանր եղջերավոր կենդանիների անասնաբուծություն: Կենտրոնները գյուղացիներին տրամադրում են նաեւ ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքներ եւ խորհրդատվություններ: Այս ընթացքում կենտրոնների գործունեության արդյունքում վերապատրաստվել են 250 մասնագետներ:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու գյուղոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման առումով կարեւորել  գիտելիքների տարածումը, վերը նշված կենտրոնների ընդլայնման ուղղությամբ հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները: Կառավարության ղեկավարն Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանին հանձնարարել է ժամանակակից գյուղատնտեսության կազմակերպման համար անհրաժեշտ գիտելիքների տարածման ուղղությամբ շարունակել համագործակցությունը հիմնադրամի հետ եւ ներկայացնել հիմնադրամում առկա գիտելիքների զանգվածային տարածման համապատասխան ծրագիր՝ այն համատեղ կյանքի կոչելու նպատակով: