Լիբիայի արեւելքում նավահանգիստները դադարեցրել են նավթի բեռնաթափումը, ինչը կարող է էապես հարվածել երկրի տնտեսությանը՝ երկու անգամ կրճատելով նավթի ամբողջ լիբիական արտահանումը, հայտնում է DW-ը՝ հղում կատարելով Լիբիական ազգային բանակի ներկայացուցիչներին, որոնք նշել են, որ նավթային տերմինալները «ժողովրդի կողմից են փակվել»։

ԶԼՄ-ները հայտնում են, որ նավահանգիստների փակելու մասին հրամանը տվել է ԼԱԲ գեներալ Խալիֆա Հաֆթարը։

Ազգային նավթային կորպորացիան հատուկ հաղորդագրության մեջ կոչ է արել չօգտագործել նավթը որպես քաղաքական ճնշման գործիք։ «Նավթային եւ գազային հատվածը լիբիական տնտեսության նյարդն է։ Դրանք չարժե օգտագործել որպես խաղաքարտ քաղաքական պայքարում»,- հայտարարել է ԱՆԿ ղեկավար Մուստաֆա Սանալան։

«Հաֆթարը ցուցաբերում է հակասական ազդանշաններ՝ մեկ ակնարկելով հրադադարի պատրաստակամության մասին, մեկ սրելով իրավիճակը»,- նշումէ թերթը։ Հինգշաբթի օրը Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը Բենգազիում Հաֆթարի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, թե գեներալը համաձայն է պահպանել կրակի դադարեցման ռեժիմը։

Երեք օր առաջ գեներալ Հաֆթարը մեկնել էր Մոսկվայից՝ վարչապետ Ֆաիզ Սարաջի հետ յոթ ժամանոց բանակցություններից հետո հրաժարվելով ստորագրել փաստաթուղթը եւ դա պատճառաբանելով համակիրների հետ խորհրդակցելու անհրաժեշտությամբ։

Հաֆթարը նաեւ հաստատել էր Մաասին, որ պատրաստ է հունվարի 19-ն ժամանել Բեռլին՝ մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբիայի հարցով գագաթաժողովին։ Ավելի վաղ իր մասնակցության մասին հայտարարել էր նաեւ Ֆաիզ Սարաջը։ Միաժամանակ, Թուրքիան ուղարկել է իր զորքերին աջակցելու Սարաջի կառավարությանը։ Քաղաքացիական պատերազմը Լիբիայում ընթանում է 2011-ից, այն սկսվել է Մուամմար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո։