Ես ցանկանում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը առնվազն իր մտքում ուխտ անի, որ Երկիր մոլորակի վրա որեւէ վայրում եթե հայ մարդու նկատմամբ, առավելեւս նրա կյանքի նկատմամբ ոտնձգություն է կատարվում, ապա դա անպատիժ չպետք է թողնվի: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա մեջբերեց 30 տարի առաջ Բաքվի ջարդերի մասին միջազգային մամուլի արձագանքներից, որտեղ ներկայացված են նաեւ դետալներ տեղի ունեցած դեպքերից:

«Ազատություն» ռադիոկայանը արդեն 1990-ի հունվարի 15-ին արդեն նշում է 25 սպանված հայերի մասին: «Իզվեստիան» 1990-ի հունվարի 15-ին նշում է 50 հազարանոց ադրբեջանական խմբի մասին, որը կազմակերպում եւ իրականացնում էր հայկական ջարդերը: Երեք օր անց նույն «Իզվեստիան» հունվարի 18-ին արդեն նշում է Բաքվի հրապարակում 4 հայերի հրապարակային այրման մասին, ինչպես նաեւ 64 ջարդերի առանձին դեպքերի մասին»,-ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց նաեւ միջազգային կառույցների կողմից այդ դեպքերը դատապարտող բանաձեւերի մասին՝ նշելով, որ երբ կան դատապարտումներ, պետք է լինի իրավական գործիքքակազմ, որ այս ամենը հնարավոր լինի բերել իրավական դաշտ. «պետք է իրավական նորմեր գտնենք եւ այն անձինք, որոնք նման գործողություններ են կազմակերպել, ենթարկենք պատասխանատվության, ինչպես նաեւ պետությանը ենթարկենք պատասխանատվության: Միջազգային իրավունքում կա մի այսպիսի փաստաթուղթ, որը կոչվում է պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածներ: Սա մշակվել է ՄԱԿ-ի միջազզգային իրավունքի հանձնաժողովի կողմից»,-ասաց Սիմոնյանը:

Նա ընդգծեց, որ եթե պատրաստ ենք նաեւ միջազգային իրավունքով համահայկական հարցերը լուծենք, ապա պետք է դրա շրջանակներում բոլոր գործիքակազմերը օգտագործենք: