Facebook ընկերությունը հայտարարել է, որ պարզում է, թե ինչպես է  իրենց հարթակում հայտնվել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի անվան բիրմաներենից անգլերեն թարգմանությունը, հաղորդում է Reuters-ը:

Սխալը տարածվել էր Մյանմայում Ծինպինի այցի երկրորդ օրը սոցցանցերում Մյանմայի պետխորհրդական Աուն Սան Սու Չժիի պաշտոնական էջում տեղադրված պաշտոնական հայտարարության մեջ, որում նա տեղեկացնում էր երկու երկրների միջեւ տասնյակ ստորագրված փաստաթղթերի մասին:

Անգլերեն թարգմանության մեջ ՉԺՀ-ի նախագահի անվան փոխարեն հայտնվել էր վիրավորական թարգմանություն՝ «Mr Shithole», այսինքն՝ «պարոն գարշահոտ փոս»:

Հայտնի չէ, թե որքան ժամանակ է տեւել թարգմանության հետ կապված խնդիրը, սակայն հայտնի է, որ Google-ի համապատասխան գործառույթը չի թարգմանել Չինաստանի ղեկավարի անունն այդկերպ:

Տեխնոհսկայի մամուլի ծառայությունում հավաստիացրել են, որ անում են ամեն ինչ այդ սխալը շտկելու համար:

«Այդ խնդիրը չի արտացոլում այն, թե ինչպես պետք է գործեն մեր ծառայությունները, եւ մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում վիրավորանքի համար»,-նշել են ընկերությունում:

Չինաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը Facebook-ից ստացված եկամուտների չափի առումով ԱՄՆ-ից հետո, եւ տեխնոհսկան հավաքում է նոր ինժեներական թիմ Չինաստանում շահութաբեր գովազդային բիզնեսի վրա կենտրոնանալու համար: