Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Դալլաքյանը և Արտյոմ Ծառուկյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջրկում են 7 կամ ավելի նստատեղ ունեցող մեքենաների գազաբալոնային համակարգը ընդհանուր օգտագործման  տրանսպորտի սրահից դուրս բերել եւ տեղափոխել տրանսպորտային միջոցի տանիքի վրա:

« 7(ներառյալ՝6+1) կամ ավելի նստատեղ ունեցող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի վրա գազաբալոնային սնման համակարգ տեղադրելիս գազաբալոնը թույլատրվում է տեղադրել բացառապես մեքենայի տանիքին, եւ այն պետք է փակված լինի արտաքին միջավայրից արտաքին ծածկով»,-նշված է նախագծում։

Ըստ հիմնավորման՝ նախագիծը անհրաժեշտ է  այն պատճառով, որ տրանսպորտային միջոցների պատահարների ժամանակ գազաբալոնային համակարգը հաճախ այրվում է, որից հետո տեղի է ունենում բալոնի պայթուն, ինչի պատճառով քաղաքացիները հաճախ ստանում են տարբեր աստիճանի այրվածքներ կամ ավելի վատ՝ չհասցնելով դուրս գալ ավտոմոբիլի սրահից, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ են ստանում: