Հունվարի 18-ին Երևանում ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը:

Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների հետ համատեղ Մոսկվա-Երևան թիվ 1965 չվերթով Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացի, 32-ամյա Դմիտրի Ռոդիգինին թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել գծային բաժին։ Տեղում նրա ձեռքի ուղեբեռի զննությամբ հայտնաբերվել է սպիտակ գույնի փոշենման զանգված պարունակող թվով 5 փաթեթ՝ ընդհանուր 13 գրամ կշռով։

Դրանցից մեկը թափանցիկ «Զիպ» փականով է եղել, իսկ մնացած 4-ը՝ սև գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված։ Դ. Ռոդիգինը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը հանդիսանում է «Կրիստալ» տեսակի թմրանյութ և այն պատկանում է իրեն։ Փաստի առթիվ ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կասկածյալ Դ. Ռոդիգինը ձերբակալվել է։