Volkswagen-ն ու Ford-ը կթողարկեն ամենագնացներ նոր սերնդի Amarok եւ Ranger պիկապների հիման վրա: Autoblog պարբերականի տեղեկություններով՝ փոքր «բեռնատարների» «փարիզյան» տարբերակներն արդեն ունեն ներքին ինդեքսներ, մոդելները շուկայում կհայտնվեն 5 եւ 7-տեղանոց սրահներով եւ կարող են մրցել Toyota Fortuner-ի եւ Mitsubishi Pajero Sport-ի հետ, գրում է Մոտոր-ը:

Արգենտինացի լրագրողները հիշեցնում են, որ Volkswagen-ը պատրաստվում էր թողարկել ուտիլիտար շրջանակային ամենագնաց 3-շարքանի սրահով դեռեւս առաջին սերնդի Amarok-ի հիման վրա, սակայն մի շարք պատճառներով այդ ամենագնացը չէր թողարկվել. հարավամերիկյան եւ ասիական շուկաներում Volkswagen-ը խուսափում էր Tiguan AllSpace-ի հետ ներքին մրցակցությունից, իսկ Եվրոպայում մոդելը կարող էր չհամապատասխանել բնապահպանական նորմաներին:

Ford-ի հետ համագործակցությունը Volkswagen-ին թույլ է տվել վերադառնալ նախագծին. միության շրջանակում «գլոբալ» մոդելը կարող է եկամտաբեր դառնալ. կոնցեռնները մտադիր են կարգավորել ամենագնացների եւ պիկապների համատեղ արտադրություն, ինչպես նաեւ տնտեսել շասսիի արտադրության վրա: Բացի այդ, Ford ընկերության համար Ranger-ի «ուղեւորատար» տարբերակի թողարկումը նորույթ չի լինի, չէ որ գամմայում արդեն կա Everest շրջանակային ամենագնացն ավստրալական, հարավամերիկյան եւ ասիական շուկաների համար:

Դեռեւս շրջանակային ամենագնացների համար քիչ տեղեկություններ են հայտնի. նախագծի ծածկանունն է Cyclone, իսկ արտադրությունը նախատեսում են սկսել Արգենտինայում: Ըստ ավելի վաղ հնչած կանխատեսումների՝ միջին չափսեր ունեցող պիկապի շուրջ աշխատանքների հիմնական մասով կզբաղվի Ford ընկերությունը, իսկ նոր սերնդի փոքրիկ բեռնատարների արտադրությունը կմեկնարկի 2022 թվականին: Ըստ ամենայնի՝ ամենագնացները շուկայում կհայտնվեն ավելի ուշ: